ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
16.04.2010 | 00:00

Վերջին տարիներին յուրաքանչյուր այցելություն Մերձավոր Արևելք արաբական պետությունների հանդեպ Թուրքիայի ունեցած քաղաքականության մասին նոր եզրահանգումների առիթ է տալիս։ Ակնհայտ է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում նոր քաղաքականություն է ծավալում, որը նաև նոր քարոզչություն է պահանջում։ Առհասարակ, արաբական միջավայրում քարոզչական խնդիրների լուծումը բարդ, նաև անշնորհակալ բան է։ Արաբական երկրների հանրությունը փորձված է քարոզչության մեջ, հատկապես «Ջազաիր» լրատվական գործակալության հայտնվելուց հետո։ Արաբական աշխարհը միշտ ուշադրության կենտրոնում է, չկա թեմա, որ փակ մնա արաբ հասարակության համար։ ՈՒստի քարոզչությունը, ինչպես թուրքական, այնպես էլ ցանկացած այլ, հաջողություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ դրան սպասում և ընդունում են հավուր պատշաճի։
Թուրքիան ջանում է բարելավել հարաբերություններն ինչպես արաբական պետությունների, այնպես էլ Իրանի հետ։ Սակայն արաբների ու իրանցիների հետ այնքան էլ հեշտ չէ հարաբերություններ հաստատելը։ Իրանը մեծ երկյուղով է հետևում արաբական երկրների տանող ուժը դառնալու Թուրքիայի փորձերին, ինքը հավակնելով այդ դերին։ Իրանին հատկապես նյարդայնացնում է Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, չնայած օբյեկտիվորեն այդ հարաբերությունների զարգացումը ձեռնտու չէ ԱՄՆ-ին և Իսրայելին։ Արաբական պետություններն ավանդաբար մեծ անվստահությամբ են վերաբերվում արաբական աշխարհում Իրանի նախաձեռնություններին, չնայած Իսրայելի հետ դիմակայության հարցում պաղեստինցիներին և լիբանանցիներին աջակցելու գործում Իրանի բացահայտ ծառայություններին։ Դա լավ հայտնի և տարածված տրամադրություն է։
Պակաս բարդ չեն արաբա-թուրքական հարաբերությունները, երբ թե՛ արաբները, թե՛ թուրքերը, ավելի շուտ, ձգտում են այդ հարաբերություններն օգտագործել ԱՄՆ-ի և այլ պետությունների հետ երկխոսություններում։ Քննության առնելով ներկա առնչությունները Մերձավոր Արևելքում, անհրաժեշտ է հիշել ուժի չորս բևեռների (Թուրքիա-Իրան-արաբներ-Իսրայել) օբյեկտիվ գոյության մասին` քրդական գործոնի հարաճուն դերով հանդերձ։ ՈՒստի այդ տարածաշրջանում թուրքական քաղաքականությունը երբեմն ավելի հաջող է երևում, քան իրականում է։
Եթե 2003-ին Իրաքում պատերազմը սկսվելուց անմիջապես հետո արաբական երկրներում հայկական թերթերն սկսեցին սահմանափակել Թուրքիայի քննադատությունը, որն ԱՄՆ-ի զորքերին թույլ չտվեց անցնել Իրաք, ապա հիմա, թերևս առաջին անգամ, որոշ արաբական պետություններ հայկական գործոնը դիտարկում են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման շրջանակում։ Դինամիկան ակնհայտ է։ Ինչպես հայտնի է, Թուրքիան սկզբունքորեն ճշգրտումներ է մտցրել պանթուրքիզմի դոկտրինում, հիմա արդեն նրան տալով նոր գծեր ու գաղափարախոսական բովանդակություն, ինչը հնարավորություն է տալիս խոսելու նոր դոկտրինի, այսինքն` նեոպանթուրքիզմի մասին։ Դա նշանակում է, որ, չկարողանալով շահագրգռել թուրքախոս պետությունների վերնախավերին, Թուրքիան ամբոխահաճո գործելաոճ է կիրառում և վերնախավերի հետ աշխատանքը փոխարինել է բնակչության լայն զանգվածների հետ տարվող աշխատանքով։ Ի տարբերություն պանթուրքիզմի, նեոօսմանիզմի դոկտրինը հենց ամենասկզբից ենթադրում էր այն ժողովուրդների ու երկրների հետ լայն աշխատանք, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության «հմայքի» ներքո։ Նեոօսմանիզմի դոկտրինը գործի է դրվել ոչ միայն Հյուսիսային Կովկասի և Բալկանների ոչ մեծ էթնոսների, այլև Մերձավոր Արևելքի բավականին խոշոր ու միջին պետությունների էթնոսների նկատմամբ։
Թուրքիան, իրոք, աշխատանք է ծավալում ոչ միայն Մերձավոր Արևելքի երկրների վերնախավերի, այլև բնակչության լայն զանգվածների հետ։ Ընդ որում, շեշտը դնում է բոլոր ուղղությունների վրա, ջանալով վերակազմավորել անգամ հարաբերությունների պատմական կողմերը կոնկրետ տարածաշրջանների երկրների հետ հարաբերություններում, հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունը։ Օրինակ, այս բանը հիմա արվում է մերձավորարևելյան խնամարկյալների հետ։ Առայժմ հիմնականում գործի է դրվում արաբների «գիտահետազոտական կարողությունը» (հետազոտողներ, հետազոտությունների կենտրոններ և այլն), որոնց նյութ է մատակարարվում այն թեմայով, որ, իբր, ոչ թե մենք ենք հնում ինչ-որ ժամանակ ձեզ ստրկացրել ու ապրել սովորեցրել, այլ հակառակը` շատ բան ձեզնից ենք սովորել։ Դե, մենք ձեզ ամենևին էլ չենք ստրկացրել, պարզապես պատմականորեն այնպես է ստացվել, որ մենք մի քիչ իշխել ենք ձեզ վրա։ Այսպիսով, թվում է, սկսվել է երկար ժամանակ արաբա-թուրքական դիմակայության հիմքում ընկած առավել վիճահարույց անկյունների հարթման և խնդիրների լուծման մի երկարաժամկետ աշխատանք։ Օրինակ, արաբական շրջաններում բավականին հեղինակավոր մի մարդ` թունիսցի Մուհամմեդ Ադելը (արաբա-թուրքական և աֆրիկա-թուրքական հարաբերությունների մասնագետ, թուրք-արաբական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գիտության, մշակույթի և արվեստի թուրք-արաբական գիտական ընկերության նախագահ, ինչպես նաև «Թուրք-արաբական երկխոսություն» հանդեսի գլխավոր խմբագիր) ակտիվորեն առաջ է մղում հետևյալ գաղափարները.
սշատ հետազոտություններ կանխավ կողմնորոշված են թուրքերի դեմ բացասական հետևությունների, թեև արաբա-թուրքական հարաբերություններում դրական բան արդեն շատ կա, և ընդլայնվել է բազմազանությունն այդ հարաբերություններում,
արաբներն ու թուրքերը միասնական ապագայով մի ընտանիք են` ընդունակ երկխոսության հիմքի վրա հաղթահարելու առկա տարաձայնությունները,
. կոչ է անում վերանայել (հենց վերանայել) արաբա-թուրքական հարաբերությունների պատմությունը` առաջնորդվելով ազգայնական և դավանական տարաձայնություններից հեռու գիտական սթափ մտածողությամբ,
l պնդում է, որ, իր համոզմամբ, արաբա-թուրքական հարաբերությունների զարգացման մասին գրված շատ բաներ սխալ են,
l հայտարարում է, որ այն թեզը, թե թուրքերն օսմանների ժամանակաշրջանում արաբական մի շարք երկրներում վարել են արաբների «թուրքացման» նպատակասլաց քաղաքականություն, չի համապատասխանում իրականությանը։ Իբր, օսմանյան պետությունը, իրոք, արաբներին պարտադրել է թուրքերենի իմացություն, սակայն մինչև հիմա էլ շատ արաբներ խոսում են թուրքերեն։ Ավելին, արաբների ազդեցությունը թուրքերի, հատկապես բարձրաստիճան թուրքերի վրա, լեզվական, մշակութային և լուսավորչական առումով, շատ ավելի ուժեղ է եղել, քան թուրքերինն արաբների վրա, և տարածվել է անգամ բուն Ստամբուլի վրա,
l ընդ որում, հետևություն է արվում, թե արաբական աշխարհում լեզվի և մշակույթի արմատավորման ուղղությամբ թուրքերի վարած քաղաքականությունն ամենապարզ ձևով ձախողվել է։
Ընդհանուր առմամբ, ինչպես ներկայացվում է, երբեմն այդ թեզերին կարելի է համաձայնել, առավել ևս, որ մենք արաբներ չենք, սակայն արաբական երկրների փորձագետների թվից իմ շատ բարեկամներ հակված են այս ամենում տեսնելու նենգություն և, կարծում են, որ ընդհանուր առմամբ արաբներին «սատկած կատու» են նետում, որը նրանք հաճույքով սկսում են ճաշակել։ Եվ դա արվում է ոչ թե խառնիխուռն, այլ հետևողականորեն, թափանցելով ժամանակակից արժեքներով դատող երիտասարդության մտքերի մեջ։ Ընդհանուր գծերով` այսպիսին է արաբա-թուրքական արդի հարաբերությունների պատկերը։ Իմ կարծիքով, այն ուշագրավ է կիսալուսնի վարքագծի և իրենց խնդիրներով զբաղված արաբ քաղաքական շատ գործիչների կողմից այդ երևույթի անտեսման տեսակետից։ Արաբական ասպարեզում Թուրքիայի այս խաղում շատ բան, ի դեպ, հիշեցնում է այն իրադարձությունները, ինչ հիմա տեղի է ունենում թուրք-հայկական հարաբերություններում։
Արաբ շատ փորձագետներ նախընտրում են հետևել այս գնահատականներին.
l արաբա-թուրքական հարաբերությունները մեծ վերելք են ապրում և կարող են հանգեցնել որակապես նոր ռազմավարական դաշինքի կազմավորմանը։ Վերջինս էլ ընդունակ է տարածաշրջանում վերափոխելու շատ գործընթացներ, և առաջին հերթին` առկա կոնֆլիկտային լարվածության էական թուլացման ոլորտում,
l այսպիսով, հարված է հասցվում Մեծ Մերձավոր Արևելքի ամերիկյան պլանին, մերձավորարևելյան տարածաշրջանն առանձին կղզիացած տարածքների և երկրների խմբերի տրոհելու նրա փորձերին,
l չեզոքացվում է արաբների և թուրքերի միջև ազգայնական, տարածքային, կրոնական և պատմական հարցերի շուրջ երկպառակություն սերմանելու Արևմուտքի քաղաքականությունը։
Աշխույժ բանավեճեր են ընթանում այն մասին, թե արաբներն ինչ արդյունավետությամբ կկարողանային գործի դնել նավթային ռեսուրսը թուրքերի հետ մերձեցմանն ավելի մեծ խթան հաղորդելու նպատակով, և, ունի՞ արդյոք, պոտենցիալ այդ գաղափարը։ Ընդ որում, համարվում է, որ եթե արաբները կարողանային իրենց «նավթային» հնարավորությունները միավորել Թուրքիայի արդյունաբերական ու արտադրական կարողությունների հետ, ապա երկու կողմերի համար էլ տնտեսական ու քաղաքական շահերն ակնհայտ կլինեին։ Սակայն, ինչպես ասում են, տեսանելի հեռանկարում այդ բանը տեղի չի ունենա։ Իրենք` արաբները, խոստովանում են, որ առաջվա նման զբաղված են իրենց ներքին խնդիրներով և չեն ուզում ակնհայտը տեսնել։ Դրա հետ մեկտեղ սպասվում է, որ Անկարան ու թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որոնք առանձնակի նշանակություն են տալիս արաբների հետ մերձեցմանը, կկարողանան այս նպատակով օգտագործել Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած կուրսից արաբական ղեկավարներին համակած թմբիրը։
Կարծիքներ են արտահայտվում, թե թուրք-արաբական մերձեցման հիմքում ընկած է ազգային անվտանգության ապահովման հանդեպ երկու կողմերի ունեցած շահագրգռությունը։ Թուրքերը հասկանում են, որ շրջապատված են իսլամական արաբական պետություններով և սկսել են արաբական երկրների ներքին կայունությունը շաղկապել իրենց հայրենիքի անվտանգության հետ։ Դրա օրինակ է այդ հարցի շուրջ Սիրիայի հետ ձեռք բերված փոխըմբռնումը։ Հանկարծ արաբների շրջանում սկսեցին ի հայտ գալ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների հետևյալ կարգի գնահատականներ (չեմ բացառում, որ նույն թուրքական խաղն է). իբր, արաբական շատ հետազոտություններ Թել Ավիվի հետ Անկարայի հարաբերությունները համարում են ռազմավարական գործընկերություն։ Սակայն, պարզվում է, դա բնավ էլ այդպես չէ։ Նրանց հարաբերություններում արդեն երկար ժամանակ փոխըմբռնման ճգնաժամ է նկատվում։ Ավելին, թուրքերը (ղեկավար մակարդակում և շարքային բնակչության մակարդակում), ի դեմս Իսրայելի, իրենց անվտանգությանը սպառնացող լուրջ և իրական վտանգ են տեսնում։ Դա, առաջին հերթին, կապված է Իրաքում հրեական պետության ակտիվության հետ, ինչին Անկարան սևեռուն հետևում է, մասնավորապես քրդական պետության ստեղծման գործընթացին Իսրայելի կողմից գաղտնի իրականացվող աջակցության հետ։ Ընդ որում, շարքային թուրքերն ավելի ու ավելի հաճախ են սկսել Իսրայելին նայել որպես պաղեստինյան ժողովրդի կեղեքիչների (ահա արաբների համար կենսական ևս մեկ խնդիր)։
Այս նկատառումով, սակայն, ընդունվում է, որ Իսրայելին հաջողվել է Թուրքիայում ամուր դիրքեր ստեղծել գլխավորապես ներդրումային ու տեղեկատվական ռեսուրսների գործադրմամբ, որոնք կենտրոնացած են կիսալուսնի տարածքում հրեական համայնքի (հիմա արդեն պետպաշտոնյա թուրքերի) ձեռքում (նման աշխատանք հրեաները կատարում էին դեռ օսմանների ժամանակ, որոնք իրենց ընդունել էին Իսպանիայից արտաքսվելուց հետո)։ Այսպես, ուրեմն, այդ ժամանակ Թուրքիայում մյուս իսլամական և արաբական պետությունների դիրքերի բացակայության պայմաններում թուրք հրեաներն Անկարայի դռները լայնորեն բաց էին արել Թել Ավիվի առջև։ Հիմա է միայն սկսվել արաբ գործարարների ակտիվացումը նույն ուղղություններում` ի հեճուկս թշնամի հրեաների (թուրքերն էլ վարպետորեն օգտվում են արաբա-իսրայելական հակասություններից. չէ՞ որ շահած են դուրս գալիս հենց իրենք)։
Արաբները կարծում են նաև, որ Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության գալուստով զինվորական հեղաշրջումների դարաշրջանն ավարտվել է։ Վարչակազմն ամուր է, որովհետև, չնայած իսլամական հակումին, իրատեսական է թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ և հենվում է նույնպիսի հայացքներ ունեցող մարդկանց վրա։ Այլ շահեր չկան։ Բացի այդ, ուշադիր վերափոխությունները, որ վարչակազմն իրականացնում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, սասանում են հին կոփվածքի զինվորականների ոտքի տակի հողը, որոնք գուցե և կցանկանային իրենց ցույց տալ, բայց, դե, արդեն ի վիճակի չեն։ Իսլամականների և իշխանության մեջ եղած աշխարհիկ ճյուղի կոնֆլիկտային պոտենցիալի կապակցությամբ կարծիք կա, որ նրանց բախման ասպարեզ մինչև հիմա էլ գոյություն ունի, սակայն այդ գործընթացները տեղի կունենան հիմնականում օրենսդրական դաշտում, առանց ներքին կայունությունը խաթարելու։
Կարծիք է հայտնվում (այլ հարց է, թե ում մատուցմամբ), որ մոտ ապագայում մենք ականատես կդառնանք Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի միջև ջրային ռեսուրսների բաշխման խնդրի կարգավորմանը։ Համարվում է, որ Թուրքիայի նոր ղեկավարությունը հրաժարվել է առճակատումային մոտեցումից, որ դավանվում էր առաջ և կտրականապես հակասում էր ջուր ստանալու Բաղդադի ու Դամասկոսի փորձերին, և հակվում է ջրի կարիք ունեցող բոլոր կողմերի իրավունքների ճանաչմանը։
Արաբների շրջանում համոզմունք կա, որ նոր Անկարան արաբների ու աֆրիկացիների հետ հարաբերությունների զարգացումը միանգամայն ճիշտ ուղի է համարում։ Ընդ որում, նրանցից ոմանք կարծում են, որ թուրքերը ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան-Չինաստան բազմանկյան շահերի հավասարակշռման ներդաշնակ ու կշռադատված քաղաքականության վարման կուրս են բռնել։ Իսկ արաբների հետ, նրանց կարծիքով, գործընթացի սկիզբը դրվել է 2003-ից, նպատակ ունենալով այդ ուրվագծի մեջ առնել նաև Մերձավոր Արևելքը (ուր կենտրոնացած են նշված խաղացողների շահերը), որպեսզի է՛լ ավելի ընդլայնվեն ուժերի այն հաշվեկշռի սահմանները, որը հնարավոր է շահեկանորեն օգտագործել։ Այստեղից էլ ծնունդ է առել ձգտումը ղեկավար դեր ստանձնելու Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում, դիտորդի կարգավիճակով մասնակցելու Արաբական պետությունների լիգայում և Աֆրիկյան միությունում։
Իհարկե, առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում թուրք-սիրիական հարաբերությունները։ Սիրիայի արտգործնախարարությունում առաջադեմ մարդիկ արդեն նշել են հետևյալ նվաճումները. այնտեղ հավատ կա, որ Դամասկոսը համոզել է Անկարային, թե թուրքական պետության ազգային անվտանգությունը մեծապես կախված է սիրիական վարչակազմի կայունությունից։ Հաջողվել է Անկարային, որպես միջնորդի, ամուր ներքաշել Թել Ավիվի հետ ընթացող բանակցությունների մեջ։ Ի դեպ, ինչպես մի խոսակցության ընթացքում ասել է Բաշար Ասադը, այնտեղ ոչ մի առաջընթաց չկա։
Դա, իբր, հնարավորություն է տվել ամրապնդելու թուրք-սիրիական մերձեցման ռազմավարական բնույթը և հիմքեր դրել Սիրիայի շրջափակումը ճեղքելու համար։ Այսպիսով, սիրիացիները, այդ գործի մեջ (որ առաջ վարում էր ԱՄՆ-ը բացառապես ի շահ Իսրայելի) ներքաշելով Թուրքիային, կարողացել են ի դեմս նրա ապահովել ազդեցիկ տարածաշրջանային խաղացողի ներկայություն, որն արդյունավետ կապեր ունի ԱՄՆ-ի, Իսրայելի, ԵՄ-ի հետ, ինչը, իբր, մեծացնում է այդ գործում հաջողություններ ունենալու Սիրիայի հնարավորությունները, իսկ դե, եթե ոչ այդ, ապա գոնե դրան հարակից այլ հարցերի ընդունման գործում, որոնք հուզում են բոլոր վերոհիշյալ կողմերին։ Բացի այդ, սիրիացիները, այսպիսով, էապես կաշկանդել են հրեաներին, որոնք տևականորեն հաջողությամբ մեկուսացնում էին Թուրքիային` մերձավորարևելյան խնդիրների լուծումից և նրան պահում իր շարքերում` ընդդեմ արաբների։ Այս դեպքում Դամասկոսը խախտել է ուժերի` ոչ իր օգտին եղած հավասարակշռությունը, և Անկարային համոզել, թե սիրիա-իսրայելական բանակցություններին արդյունավետ մասնակցության միջոցով Թուրքիան էապես կնպաստի Մերձավոր Արևելքում դիրքերն ամրապնդելու իր ցանկության հաջող իրականացմանը։
Թուրքիան փորձում է պատմության մեջ երկրորդ անգամ ընդլայնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Դա չի կարող չշոշափել այնպիսի պետությունների շահերը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Դա չի կարող չանհանգստացնել Եգիպտոսին, որն իրաքյան աղետից հետո չի կարող չհավակնել արաբական աշխարհի միակ լիդերի դերին։ Թուրքական գործոնը քչերից մեկն է քաղաքականության մեջ, ինչը կարող է Իրանին և Իսրայելին հնարավորություն տալ հանդուրժելու միմյանց` թեկուզ և լռություն պահպանելու և մարտավարական նկատառումներով։ Թուրքիայի այդ քաղաքականությունը չի ըմբռնվում իսլամական քաղաքական շրջանակներում, մտավորականության շրջանում։ Իրանն ու Սիրիան հիանալի են հասկանում, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակներից մեկը իրանա-սիրիա-լիբանանյան դաշինքի ստեղծման դեմն առնելն է։ Թուրքիան շտապում է դեպի հարավ, սակայն նրան մեծ դժվարություններ են սպասում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ